Լեհաստանը վերականգնել է Գերմանիայի և Լիտվայի հետ սահմանային վերահսկողությունը, երբ Գերմանիան այս տարվա սկզբին նմանատիպ միջոցառումներ ձեռնարկեց ապաստան խնդրողների հոսքը կանխելու համար, հայտնել է Associated Press գործակալությունը։

Որոշման մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, որի կառավարությունը վերջերս խորհրդարանում վերապրել է վստահության քվեարկությունը։ Երկրի ներսում ծայրահեղ աջ խմբավորումները մեծացրել են ճնշումը իշխանությունների նկատմամբ, որոնք Գերմանիային մեղադրում են Արևմտյան Եվրոպա ժամանելուց հետո ներգաղթյալներին Լեհաստանի տարածք «տեղափոխելու» մեջ։

Ըստ Լեհաստանի Ներքին գործերի և վարչակազմի նախարարության հայտարարության՝ վերահսկողությունն ուժի մեջ է մտել երկուշաբթի գիշերը և սկզբում կտևի 30 օր, սակայն չի բացառվում դրա երկարաձգումը։

«Անօրինական ներգաղթը պարզապես հանցագործություն է», - կիրակի օրը մամուլի ասուլիսում հայտարարել է Ներքին գործերի նախարար Տոմաշ Սեմոնյակը։

Լիտվայի հետ 104 կմ երկարությամբ սահմանին 13 անցակետ կլինի։ Գերմանիայի հետ 467 կմ երկարությամբ սահմանին ստուգումներ կանցկացվեն 52 անցակետերում։

Լիտվան արդեն հայտարարել է սահմանին հնարավոր խցանումները նվազագույնի հասցնելու իր պատրաստակամության մասին։ «Եթե հոսքը սկսի աճել, մենք կկարգավորենք տեղաշարժը՝ ուշացումները նվազագույնի հասցնելու համար»,- հայտնել է Լիտվայի սահմանապահ ծառայության պետի տեղակալ Անտանաս Մոնտվիդասը։

Հիշեցնենք՝ մայիսին պաշտոնը ստանձնած Գերմանիայի նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերցը միգրացիոն քաղաքականության խստացումը դարձրել է իր քարոզարշավի հիմնական թեմաներից մեկը։ Գերմանիան ավելացրել է իր սահմաններին ոստիկանների թիվը և սկսել է որոշ ապաստան խնդրողների հետ վերադարձնել։

Անցյալ շաբաթ Մերցը նշել էր, որ Բեռլինը և Վարշավան սերտորեն համակարգում են իրենց գործողությունները՝ «քաղաքացիների համար բացասական հետևանքները նվազեցնելու» համար։