Աթենքը ծրագրում է զգալիորեն մեծացնել իր նավատորմի կարողությունները՝ ձեռք բերելով նոր սուզանավեր, որոնք կարող են արձակել ռազմավարական թևավոր հրթիռներ։ Այսպես, Հունաստանը մտադիր է պահպանել իր ստորջրյա առավելությունը Եգեյան ծովում՝ Թուրքիայի լայնածավալ ռազմածովային ուժերի կուտակման հետնապատկերին, հաղորդում է Kathimerini-ն։
Երկիրը մտադիր է առաջիկա տասը տարիների ընթացքում նոր սուզանավեր ձեռք բերել, հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը «Ծովային նավատորմի շաբաթվա» միջոցառման ժամանակ։ Նախատեսված չորս սուզանավերից առնվազն երկուսը հագեցած կլինեն ռազմավարական սպառազինությամբ, որոնք կընդլայնեն հարվածի շառավիղը մինչև 1000 կիլոմետր։
Նոր սուզանավերը սպառազինություն կմտնեն հաստատված 20-ամյա պաշտպանական ծրագրի շրջանակում և կհագեցվեն ժամանակակից օդից անկախ էներգետիկ համակարգերով, ամենաժամանակակից հիդրոլոկացիոն կայաններով, մարտական համակարգերով և թևավոր հրթիռներով, որոնք հիմնված են արդեն գոյություն ունեցող 214 դասի սուզանավերի վրա։
Բացի դրանից, Հունաստանն առաջիկա հինգ տարիների ընթացքում կարդիականացնի իր չորս գործող 214 Type Papanikolis դասի սուզանավերը։ Ավելի քան 1 միլիարդ եվրո արժողությամբ աշխատանքները կներառեն հիմնական համակարգերի՝ սենսորների, էլեկտրոնիկայի և մարտական մոդուլների արդիականացումը։ Արդիականացումը նախատեսվում է իրականացնել Սկարամանգասի նավաշինարաններում։
Դրա հետնապատկերում Թուրքիան ակտիվորեն զարգացնում է իր «Կապույտ հայրենիք» ծրագիրը՝ կառուցելով ավելի քան 30 ռազմանավերից բաղկացած նավատորմ, դրանց թվում՝ ֆրեգատներ, սուզանավեր, անօդաչու մակերեսային փոխադրամիջոցներ և մեկ ավիակիր։
Թեև Աթենքը միաժամանակ ձեռք է բերում նոր մակերեսային նավեր՝ երեք FDI ֆրեգատ՝ չորրորդը ձեռք բերելու հնարավորությամբ, և երկու օգտագործված իտալական FREMM ֆրեգատ՝ ևս երկուսը ավելացնելու հնարավորությամբ, ռազմավարական շեշտը տեղափոխվում է սուզանավերի վրա՝ որպես զսպման և հեռահար հարվածային միջոցների հիմնական միջոցներ։




























