«Պղնձե շաբաթի» երրորդ օրը վերաբերում է պատրաստի պղնձի սպառման ծավալով  աշխարհում երրորդ երկրին` Հնդկաստանին: Չինաստանի եւ Հնդկաստանի տնտեսության աճը մնում է բարձր:  Չինական տնտեսության դանդաղ աճի մասին անհանգստություն առաջացրել էին միայն համեմատական տվյալները: 2011թ.  3-րդ եռամսյակում Չինաստանի ՀՆԱ-ի աճը կազմել է «ընդամենը» 9,1%` երկրորդ եռամսյակի համեմատ նվազելով 0,4%-ով:

Եւս մեկ թեթե «ծակոց» հավանաբար կարելի է համարել Չինաստանի կենտրոնական բանկի ձեռնարկատիրական վստահության ինդեքսը, թեեւ բացարձակ արտահայտությամբ այն նույնպես բարձր է:

Ինչ վերաբերում է Հնդկաստանին, ապա տնտեսական աճը երրորդ եռամսյակում որոշ չափով դանդաղել է նաեւ այստեղ: 2011թ. 2-րդ եռամսյակում  այն կազմել է 7,7%,  սակայն  հարաբերական արտահայտությամբ այդ ցուցանիշը կիսամյակի ընթացքում ամենացածրն է եղել: Երրորդ քառորդում արդեն ցուցանիշը կազմել է 6,9%, եւ անկումը ամենալուրջն էր արդեն երկամյա ռեզերվում:

Հնդկաստանում պղնձի պահանջարկը բարձր է մնացել, թեեւ, հնարավոր է,  ոչ նախկին մակարդակով, կարծում է Ջոն Լոնգոն:  Վելուծաբանների մեծ մասը  Հնդկաստանի համար կանխատեսում է  7%-ից մի փոքր ավելի ՀՆԱ-ի մակարդակ` նախորդ տարվա 8 – 10%-ի դիմաց:

Նշենք, որ դատելով մասնագետների հետազոտություններից, պղնձի սպառման հնդկական շուկան  որոշ չափով տարբերվում է չինական շուկայից: Չինաստանում սպառման հիմնական ոլորտները ենթակառուցվածքների շիանրարությունն է (36%)  եւ ժողովրդական սպառման ապրանքների ոլորտը (27%, BGRIMM-ի տվյալներով): Հնդկաստանում միայն էլեկտրական եւ հեռահողորդակցության ենթակառուցվածքները զբաղեցնում են 56% ( Indian Copper Deveolopment Center-ի տվյալներով): Ենթակառուցվածքների շինարարարությունը, ըստ փորձագետի, շարունակվում է: «Հնդկաստանում պղինձ հիմնականում սպառման ոլորտներ են մնում էլեկտրական ապրանքներն ու էլեկտրոնիկան, տրանսպորտային սարքավորումները, լայն սպառման ապրանքները, արդյունաբերական սարքավորումները: Նշված հատվածներից յուրաքանչյուրում ենթակառուցվածքների շինարարության հաշվին կարելի է աճ ակնկալել»,-կարծում է Rutgers Business School-ի վերլուծաբանը:

Մյուս կողմից հնդկական շուկայի համար այնքան էլ շահավետ չէ ԱՄՆ դոլարի նկատմամբ հնդկական ռուփիի փոխարժեքը, որի պատճառով տեղական շուկայի համար պղնձի գինն ավելի է բարձրացել:

Այդուհանդերձ,  Հնդկաստանի առումով ընդհանուր կանխատեսումը դրական է մնում: «Ես սպառման անկում կկանխատեսեի միայն երկրում տնտեսական ճգնաժամի պայմաններում»,-նշեց Լոնգոն` ավելացնելով, որ «աճը, թեեւ վերջին տարիների համեմատ մի փոքր նվազել է, սակայն շարունակվում է»:

Ինչպես արդեն նշվել է, հայկական պղնձի խտանյութի վերջնակետը Գերմանիան է, որը պատրաստի պղինձը Հնդկաստան չի առաքում` հանդես գալով որպես աշխարհում պղնձի սպառման ծավալով երրորդ երկիրը (USGS-ի տվյալներով, 2009թ)  եւ գերազանցում է աշխարհի մյուս երկրներին պղնձե կիսաֆաբրիկատների արտահանմամբ:

Այնուամենայնիվ, հնդկական շուկայի իրավիճակը կարեւոր է Հայաստանի համար գնագոյացման ընդհանուր համատեքստում, քանի որ Հնդկաստանն սպառում է  աշխարհում իրացվող պղնձի մոտ 4,2%-ը: