Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմը փոխել է ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում։ Ամենավտանգավոր հետևանքը կարող է լինել ոչ թե Իրանի հետ հետագա պայքարը, այլ Թուրքիայի և Իսրայելի միջև ավելի ինտենսիվ մրցակցության ի հայտ գալը։ Հնարավոր առճակատման մասին գրում է The Financial Times պարբերականը։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը վերջերս Անկարայում նոր տրամադրությունների մասին ազդարարեց, երբ Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում հայտարարեց. «Չկա պաղեստինյան, լիբանանյան, սիրիական, եմենական կամ իրանական խնդիր, սակայն ակնհայտորեն գոյություն ունի իսրայելական խնդիր»։
Սույն տեսակետն արտացոլում է տարածաշրջանում Իսրայելի տեղի վերաբերյալ թուրքական մտածողության փոփոխությունը։ Մի ժամանակ դաշնակից, ապա մրցակից, նա այժմ ավելի ու ավելի է ընկալվում որպես անմիջական հակառակորդ։
Անկարան դժգոհ է Իսրայելի համառամտությունից և նրա նոր՝ իբրև տարածաշրջանային գերիշխանության, համարձակ նույնականությունից, դեր, որի մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղուց է երազում։
Էրդողանի կարևոր դաշնակից Դևլեթ Բահչելին վերջերս Իսրայելին մեղադրեց «Անատոլիան շրջափակելու» և Թուրքիան անկայունացնելու փորձերի մեջ։
Այս մոլուցքի հայելային պատկերը գոյություն ունի Իսրայելում, որտեղ անվտանգության համակարգի որոշ հատվածներ Թուրքիայի տարածաշրջանային ազդեցությունն ավելի ու ավելի են դիտարկում որպես երկարաժամկետ սպառնալիք, «ավելի վտանգավոր, քան Իրանը»։ Էրդողանի հրապարակային աջակցությունը ՀԱՄԱՍ-ին առաջացրել է Նեթանյահուի կառավարության կտրուկ արձագանքը՝ ի հայտ բերելով սուր փոխադարձ փոխանակումներ և խթանելով Իսրայելի կապերը սիրիացի քրդերի հետ, որոնց Անկարան վաղուց է սպառնալիք համարում։
Արդեն իսկ անկայուն տարածաշրջանում տարածաշրջանի երկու ամենաուժեղ բանակների՝ երկուսն էլ Միացյալ Նահանգների դաշնակիցների, միջև մենամարտը կարող է էլ ավելի խաթարել ուժերի փխրուն հավասարակշռությունը։
Իսրայելի կողմից Իրանի ռազմական ղեկավարության գլխատումը վառ հիշեցում է նրա գերազանց օդուժի և հետախուզական կարողությունների մասին։ Այժմ Անկարան քայլեր է ձեռնարկում սեփական խոցելիությունները վերացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է օգտագործի իր լավ հարաբերությունները և՛ Նեթանյահուի, և՛ Էրդողանի հետ՝ այդ առճակատումից գլուխ հանելու համար։ Գազայում պատերազմի ավարտը կարող է օգնել մեղմել Թուրքիայի դժգոհությունները, սակայն երկու երկրների միջև երկարատև մրցակցությունը, հազիվ թե վերանա։
Տասնամյակներ շարունակ ԱՄՆ քաղաքականության մշակողները Թուրքիային և Իսրայելին վերաբերվել են որպես անփոխարինելի, թեև դժվար, դաշնակիցների և տարածաշրջանային կայունության հենասյուների։ Հիմա այդ երկու սյուները ուղղակիորեն ճնշում են գործադրում միմյանց վրա։ Իրանի թուլացման պայմաններում Վաշինգտոնը և նրա դաշնակիցները պետք է ընդունեն, որ Մերձավոր Արևելքի հաջորդ փորձությունը կարող է լինել նրա երկու ամենամոտ գործընկերների միջև մրցակցությունը։





























