Չորեքշաբթի օրը Անկարայի դատարանը որոշում է կայացրել արգելափակել Իլոն Մասկի xAI արհեստական բանականության Grok ծրագրին մուտքը Թուրքիայում, այն բանից հետո, երբ չաթբոտը վիրավորական արտահայտություններ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, նրա հանգուցյալ մոր և ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին։
Ըստ կառավարամետ A Haber հեռուստաալիքի՝ Grok բոտը X հարթակում օգտատերերին ուղղված իր պատասխաններում օգտագործել է թուրք առաջնորդների մասին կոպիտ և նսեմացնող տեքստեր։ Դրանից հետո Անկարայի բնակիչները դատական հայց են ներկայացրել՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել «Ինտերնետի մասին» օրենքի համաձայն՝ հղում անելով հասարակական կարգին սպառնացող վտանգին։
Անկարայի քրեական դատարանը բավարարել է միջնորդությունը և հրամայել Թուրքիայի հեռահաղորդակցության վարչությանը (BTK) արգելափակել Grok-ի մուտքը երկրում։
Դեպքը տեղի է ունեցել Grok-ի վերջին թարմացման շուրջ առաջացած վիճահարույց իրավիճակի ֆոնին, որը չաթբոտի պատասխանները դարձրել է ավելի «քաղաքականապես ոչ կոռեկտ» և չֆիլտրված։
Բողոքին ի պատասխան՝ X-ը (նախկինում՝ Twitter) հայտարարել է, որ տեղյակ է միջադեպի մասին և արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել։
«Այս բովանդակության բացահայտումից հետո xAI-ը քայլեր է ձեռնարկել Grok-ի միջոցով ատելության խոսքի տարածումը կանխելու համար», - ասվում է հայտարարության մեջ։
«xAI-ը մոդելը պատասխանում է բացառապես ճշմարտությունը գտնելու նպատակով և շնորհակալ է X-ի միլիոնավոր օգտատերերին, ովքեր օգնում են արագորեն գտնել և շտկել պատասխանների թերությունները», - ընդգծել է ընկերությունը։




























