Եվրամիությունը մեկնարկում է իր առաջին «պաշարների ռազմավարությունը»՝ խոշոր ճգնաժամերի, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի դեպքում սննդի, ջրի, վառելիքի և դեղորայքի համաեվրոպական պաշարներ ստեղծելու ծրագիր։ Այս մասին Բրյուսելում հայտարարել է ճգնաժամերի կառավարման հարցերով եվրահանձնակատար Հաջա Լահբիբը՝ նշելով, որ «նպատակը շատ պարզ է՝ ապահովել, որ հասարակության գործունեությունը պահպանող և կյանքեր փրկող կենսականորեն կարևոր ապրանքները միշտ հասանելի լինեն», հաղորդում է AFP-ն։

Նոր ծրագիրը ներկայացվել է ՆԱՏՕ-ի կողմից այն նախազգուշացումների ֆոնին, որ Ռուսաստանը, որը շարունակում է պատերազմը Ուկրաինայի դեմ կարող է պատրաստ լինել հարձակվել իր դաշնակիցների վրա հինգ տարվա ընթացքում։

Լահբիբի խոսքով՝ չնայած արտակարգ իրավիճակների պատրաստվածության մակարդակը մեծապես տարբերվում է երկրների միջև՝ անհրաժեշտ է ԵՄ միասնական մոտեցում։ Օրինակ՝ Ֆինլանդիան, որը սահմանակից է Ռուսաստանին, վաղուց է զարգացնում հակամարտությանը ընդհանուր պատրաստվածության մշակույթ։ Մինչդեռ Իսպանիայում, ըստ նրա, բնակչությունն ավելի շատ վախենում է անտառային հրդեհներից։

«Սակայն հետևանքները կարող են նույնը լինել՝ մարդիկ մնում են առանց էներգիայի, ուստի պաշարներ պետք է լինեն ամենուրեք», - ընդգծել է Լահբիբը։

Նոր ռազմավարության համաձայն՝ ԵՄ երկրները կստեղծեն պաշարների համակարգման, բացթողումների բացահայտման և պաշարների ստեղծման ցանց Միության մակարդակով։ Սա ներառում է պատերազմի, բնական աղետների, արդյունաբերական վթարների, կիբեռհարձակումների, համավարակների և զանգվածային էլեկտրաէներգիայի անջատումների պատրաստվածությունը։

Մարտին Եվրոպական հանձնաժողովն արդեն խորհուրդ է տվել, որ յուրաքանչյուր տնային տնտեսություն պատրաստի եռօրյա արտակարգ իրավիճակներում գոյատևման պարագաներ՝ ջուր, սնունդ և լապտերներ։

Լախբիբը ամփոփել է՝ «Որքան լավ պատրաստվենք, այնքան քիչ խուճապի կմատնվենք»։