Ներքաղաքական հարթությունում տեսակետները տարբեր են, քաղաքական հարցերում կան մեծ թվով հակադրություններ, բայց ես կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում մենք պետք է կենտրոնանանք մեր անելիքների վրա։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 8–ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Վերջին ամիսներին դաշտում երկու տեսակետ կար. մեկը 2026–ի ընտրական գործընթացներին լավ նախապատրաստվելու, մյուսը անվստահության գործընթաց սկսելու մասին է, բայց իշխանությունը հատկապես այս վերջին շրջանում ցույց տվեց, որ ինքը ընտրությունների համար դաշտը փորձելու է ամայացնել, ջարդել դիմադրության, քաղաքական պայքարի բոլոր օջախները և 2026–ին դաշտ նախապատրաստել իր, իր հաճախորդների համար, որին գուցե կմասնակցեն նաեւ ընդդիմադիր ուժեր, բայց դրանք մինչ այդ այնպիսի հարվածներ ստացած կլինեն, որ ապագա խորհրդարանում որեւէ լուրջ հավակնություն այլեւս չեն ներկայացնի։
Ստեղծված իրավիճակում, ես կարծում եմ՝ ընտրությունների թեման, որ մինչ այդ քաղաքական դիսկուրսի առարկա է, ակտուալությունից դուրս է գալու այն առումով, որ մինչեւ 2026–ի ընտրություններ մենք կարող ենք ունենալ մի իրավիճակ, որի պայմաններում մենք անդառնալիության կետը կարող ենք հատած լինել, ընտրություններին մասնակցությունն էլ կարող է այլեւս որեւէ խնդիր չփոխել։
Այս պայմաններում ես կարեւոր եմ համարում, որ ընդդիմադիր դաշտի հիմնական դերակատարները հասկանան, թե ստեղծված պայմաններում, երբ շատ պարզորոշ ուրվագծված է, թե ուր է գնում իշխանությունը, ինչպես պետք է շարժվել»,– հայտարարեց Աբրահամյանը։





























