Աճող աշխարհաքաղաքական և ռազմական սպառնալիքների ֆոնին, Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին կոչ է անում ռազմավարական պահուստներ կուտակել։ Հուլիսի 9-ին հրապարակված նոր փաստաթղթում Բրյուսելն առաջարկում է ընդլայնել պահեստավորման մոտեցումը. սննդամթերքից և դեղորայքից բացի, պահուստը պետք է ներառի կարևորագույն հումք, ենթակառուցվածքների պահեստամասեր և միջուկային վառելիք, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։

Հանձնաժողովի տվյալներով՝ աշխարհաքաղաքական լարվածության աճի, կիբերսպառնալիքների և կլիմայի փոփոխության ազդեցության պատճառով Եվրոպան բախվում է «ավելի ու ավելի բարդ և անկայուն միջավայրի»։ Բացի դրանից, ԵՄ-ն, ինչպես կարծում են Բրյուսելում, պետք է պատրաստ լինի հնարավոր ռազմական հակամարտությունների և իր անդամ պետությունների վրա ուղղակի հարձակումների։

Համավարակը և պատերազմն Ուկրաինայում

Փաստաթղթում ընդգծվում է, որ ՔՈՎԻԴ-19 համավարակը և Ուկրաինայում պատերազմը հստակ ցույց են տվել մատակարարման շղթաների խոցելիությունը և արտաքին մատակարարումներից կախվածությունը։ Նոր ռազմավարությունը հիմնված է նախաձեռնողական, այլ ոչ թե ռեակտիվ սկզբունքի վրա. ԵՄ պետությունները պետք է նախապես պատրաստվեն հնարավոր ճգնաժամերին։

Առաջարկվում է ստեղծել լայն տեսականի ռեսուրսների պաշարներ։ Բացի հողմային տուրբինների և էլեկտրական ԱՎՏՈմեքենաների արտադրության համար անհրաժեշտ հազվագյուտ հողային տարրերից և մագնիսներից, մատակարարումները ներառում են էներգետիկ և օպտիկամանրաթելային ցանցերի վերանորոգման հավաքածուներ, ներառյալ՝ Բալթիկ ծովում ստորջրյա ենթակառուցվածքների վրա հարձակումների հետևանքով վնասված մալուխներ։

Արդյունաբերությունը ծրագրի մի մասն է

Ռազմավարական ապրանքների ցանկում են նաև տրանսպորտային մասերը, հակաթույնները և միջուկային էներգիայի բաղադրիչները։ Հատուկ ուշադրություն է դարձվում գյուղատնտեսությանը և ջրամատակարարման համակարգերին, այն ոլորտներին, որոնցում Եվրոպան առանձնապես խոցելի է համարվում։

Հանձնաժողովը մտադիր է այդ նախաձեռնության մեջ ներգրավել արդյունաբերական ոլորտը։ Գործարարներից կարող են խնդրել պահպանել տարողունակությունը կամ հատկացնել տարածք պահեստավորման համար։ Բրյուսելն առաջարկում է ազգային օրինակները, մասնավորապես՝ բիզնեսի համար հարկային խթաններն, օգտագործել որպես պահուստային համակարգին աջակցելու արդյունավետ գործիք։

Ֆինանսավորումը՝ ԵՄ բյուջեից

Նախատեսվում է ռազմավարության իրականացումը ֆինանսավորել, դրանց թվում՝ ԵՄ առաջիկա բազմամյա բյուջեի միջոցով, որն ուժի մեջ կմտնի 2026 թվականին։ Չնայած սկզբնական բարձր ծախսերին, փաստաթղթում ընդգծվում է, որ երկարաժամկետ հեռանկարում նման ներդրումները կհանգեցնեն ճգնաժամերի հետևանքների հաղթահարման ծախսերի նվազմանը և կամրապնդեն միության մրցունակությունը։

Նշենք, որ Եվրոպական հանձնաժողովի առաջարկները խորհրդատվական բնույթի են և իրավաբանորեն պարտադիր չեն։