«Վրացական կողմը հայկական մաքսային մարմիններին տեղեկացրել է, որ Կազբեկի անցակետում հարյուրավոր հայկական բեռնատարների կուտակման պատճառն այն է, որ մեքենաների թիվն ավելի շատ է, քան անցակետի թողունակությունը։ Վրացական կողմից հավաստիացնում են, որ հերթերը վարորդների ազգությամբ պայմանավորված չեն. անցակետի հերթում հայերից բացի այլ ազգերի ներկայացուցիչներ էլ կան»։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից՝ նշելով, որ իրենք խնդրին տեղյակ են և լուծման ուղղությամբ աշխատանքներ են տանում։

«Բացի այդ, գյուղատնտեսական սեզոնին արտահանումն ավելանում է, ինչն էլ անցակետում հերթերի առաջացման պատճառներից մեկն է»,–հայտնեցին նախարարությունից։

Նշենք, որ «Ազատության» հետ զրույցում վարորդները նշել էին, որ վրացական բոլոր բեռնատարներն անցակետն անցնում են անարգել, մինչ հայկական բեռնատարները օրեր շարունակ մնում են անցակետում։

«Ամսի 3-ից մտել եմ Վրաստան, մինչև էսօր Վրաստանում եմ: Մենակ ես չէ, բոլոր մեքենաները, անգամ դատարկ մեքենան, օրերով կանգնում ենք»,–լրատվամիջոցին հայտնել էր վարորդներից մեկը։

«Վրացական բոլոր մեքենաներն անկախ նրանից դատարկ է, թե բեռնված է, VIP-ով մտնում-դուրս են գալիս: Իրենց մեքենաները չեն սպասում, իրանց մեքենան մտնում ա Ռուսաստան, դուրս ա գալիս, գնում ա Հայաստանից իր գռուզը բարձում, նորից գալիս ա Ռուսաստան», - ասել էր մեկ այլ վարորդ։