Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Դոհայում անցկացված բանակցությունների ժամանակ համաձայնել է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող իսրայելցի տասը պատանդներին։ Ընդսմին, վիճահարույց հարցերի քննարկումը շարունակվում է, ասված է շարժման թելեգրամյան ալիքում հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ։
«ՀԱՄԱՍ-ը հանձնառու է բանակցությունների հաջող ավարտին, ուստի համաձայնել է ազատ արձակել 10 պատանդների։ Ընդսմին, մի շարք կարևոր հարցեր բաց են մնում՝ մարդասիրական օգնության մատակարարումը Գազա, իսրայելական զորքերի դուրսբերումը և երկարաժամկետ հրադադարի հուսալի երաշխիքների տրամադրումը»,-ասված է հայտարարության մեջ։
Հուլիսի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ «մեծ հնարավորություն» կա Գազայի հարցում համաձայնության հասնելու «այս շաբաթ կամ հաջորդ շաբաթ»։
ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև բանակցությունները, որոնցում միջնորդի դեր են ստանձնել Եգիպտոսը, Կատարը և Միացյալ Նահանգները, վերսկսվել են հուլիսի 6-ին Դոհայում։ Դրանց նպատակն է դադարեցնել կրակը Գազայի հատվածում և ազատ արձակել իսրայելցի պատանդներին։ Ըստ իսրայելական կողմից ստացված վերջին տեղեկությունների ՝ Գազայի հատվածում կան 20 առևանգված պատանդներ, ինչպես նաև 30 մահացած պատանդների մարմիններ։




























