Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին կոչ է արել եվրոպական բիզնեսներին չվախենալ ներդրումներ կատարել Ուկրաինայում։
«Սա ներդրում է մի ազգի մեջ, որը ցուցաբերել է անհավանական դիմադրողականություն։ Բայց դա նաև ներդրում է խաղաղության և Եվրոպայի զարգացման մեջ որպես ամբողջություն», - ասել է նա Հռոմում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում։
«Ես ուզում եմ հավատալ, որ այս համաժողովը կդառնա Ուկրաինայի տնտեսական հրաշքի մեկնարկային կետը։ Մենք այս հրաշքը կկառուցենք ձեզ հետ միասին», - նշել է նա։
Նրա խոսքով՝ ներկայացուցչության բարձր մակարդակը՝ ավելի քան 70 ազգային պատվիրակություններ և հազարավոր ընկերություններ ու քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, «ցույց է տալիս, թե ինչպիսի ապագա ենք մենք բոլորս ցանկանում Ուկրաինայի համար և որքան վստահ ենք, որ դրան կհասնենք»։
Նա բացահայտորեն մեղադրել է Ռուսաստանին քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա «հարձակումների աճի» մեջ։
Մելոնիի խոսքով՝ ներկայիս համաժողովի նման միջոցառումները նույնպես կարևոր են՝ ապահովելու համար, որ մարդիկ և ընկերությունները, որոնք օգնել են «Ռուսաստանի ռազմական մեքենային», չօգտվեն ապագա վերակառուցումից։ «Մեր խնդիրն է օգնել Ուկրաինային։ Մենք դա կանենք՝ նրա պատմության այս նոր գլուխը վերաշարադրելու համար», - ընդգծել է նա։
Իտալիայի կառավարության ղեկավարը նաև հայտարարեց, որ համաժողովի շրջանակներում կստորագրվեն Ուկրաինայի վերակառուցման ֆինանսավորման նոր պայմանագրեր՝ իտալական ընկերությունների, ինչպիսիք են Enel էներգետիկ կորպորացիան և Leonardo պաշտպանական կոնցեռնը։





























