Ժամանակն է կրկին փակել Դաշնակցությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտարարեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

Նա, մասնավորապես, հայտարարել է. «Սիրելի ընկերներ, վստահ եմ հետեւում եք, թե մեր ուժային համակարգը դաշնակցականների տներից ինչ արսենալ է  հանել եւ առգրավել։

Իրականում նրանք ոչ միայն դաշնակցականներ են, այլև ահաբեկչության կազմակերպիչներից են։ Դեռեւս չեմ տեսել մեր ընդդիմադիր գործընկերների լալահառաչ տեքստերը, որ մեզ բռնաճնշումների են ենթարկում, այդ զենք–զինամթերքը AI–ով (արհեստական բանականությամբ–խմբ) է գեներացված, կամ որ դրանք ընդամենը երեխեքի խաղալիքներ են, երեխեքը դրանով կռիվ–կռիվ են խաղում, կամ պապաներն են դրանով կռիվ–կռիվ խաղում։

Ու առհասարակ, ժամանակն է մտածել Դաշնակցություն կուսակցությունը կրկին փակելու ու այն տեռորիստական կազմավորման մեջ ներառելու մասին»։

Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակը հայտարարել է՝ դաշնակցականների տների խուզարկության արդյունքում որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել։

«Առգրաված բոլոր զենքերը օրինական են։ Նկարներում պատկերված առարկաների մեծ մասը, այդ թվում նռնականման առարկան նախատեսված է Սթրայքբոլ խաղի համար։ Նռնականման առարկայի ներսում պահվել են Սթրայքբոլ խաղի համար նախատեսված սիսեռի հատիկներ»,–ասված է ՀՅԴ հայտարարությունում։