Գիտնականներն ուսումնասիրել են մ.թ. 14-րդ դարում Մեծ Բուլղարի (ժամանակակից Թաթարստան – խմբ.) պարիսպների մոտ թաղված երեք մարդկանց ԴՆԹ-ն և հանգել են այն եզրակացության, որ հայտնաբերված մնացորդները, ենթադրաբար, երկու հայ (տղամարդկանց) են պատկանում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Վավիլովյան գենետիկայի և սելեկցիայի գիտական հանդեսում։
«Մեծ Բուլղարն Արևելյան Եվրոպայի ամենանշանակալի միջնադարյան քաղաքներից մեկն է։ Մոնղոլների նվաճումից առաջ այն Վոլգյան Բուլղարիայի խոշոր վարչական կենտրոն էր, իսկ 1236 թվականից հետո՝ որոշ ժամանակ, քաղաքը Ոսկե Հորդայի մայրաքաղաքի գործառույթներ է կատարել։
Պատմական, հնագիտական և հնէամարդաբանական տվյալները ցույց են տալիս, որ այս քաղաքի բնակչության կազմը 13-15-րդ դարերում խառն է եղել, սակայն որոշակի էթնիկ խմբերի ներդրումը դրա գենետիկական կառուցվածքում մնում է անհասկանալի, և միջնադարյան բնակչության այս խմբի վերաբերյալ գենետիկական տվյալները դեռևս բացակայում են։
Առաջին անգամ, օգտագործելով լայնածավալ զուգահեռ հաջորդականության եղանակներ, մենք որոշեցինք Մեծ Բուլղարի երեք բնակիչների ամբողջական գենոմի հաջորդականությունները, որոնք թաղված էին 14-րդ դարի առաջին կեսին, այսպես կոչված Հունական պալատի մոտակայքում։ Ուսումնասիրված գենոմների միջին ծածկույթը տատանվում էր x0.5-ից մինչև x1.5, ինչը հնարավորություն ընձեռեց որոշել անհատների (երկու տղամարդ և մեկ կին) գենետիկական սեռը և պոպուլյացիոն գենետիկական վերլուծություն անցկացնել։ Հաստատվել են ստուգված ԴՆԹ-ի իսկությունը և աղտոտվածության ցածր մակարդակը, ինչպես նաև որոշվել են բոլոր երեք անհատների միտոքոնդրիալ ԴՆԹ-ի հապլոգրամները և երկու արական սեռի անհատների Y-քրոմոսոմի հապլոգրամները։
Համեմատական բնակչության գենետիկական վերլուծություն անցկացնելու համար մենք օգտագործել ենք ժամանակակից և հին պոպուլյացիաների ներկայացուցիչներից վերցված ավելի քան 2700 ԴՆԹ նմուշների գենոմային հաջորդականության նախկինում հրապարակված տվյալները։ Մեծ Բուլղարից երեք անհատների ամբողջական գենոմի վերլուծությունը՝ միակողմանի մարկերներ (միտոքոնդրիալ ԴՆԹ և Y քրոմոսոմ) և աուտոսոմային մարկերներ օգտագործմամբ, ցույց տվեց ուսումնասիրված պոպուլյացիայի գենետիկական տարասեռությունը։
Աուտոսոմային մարկերների, գլխավոր բաղադրիչների վերլուծության (PCA) և f4 վիճակագրության միջոցով գենոմային վերլուծության արդյունքների հիման վրա մենք մեկ անհատի (կին) և Վոլգա-Ուրալյան շրջանի ժամանակակից ֆինո-ուգրյան ժողովուրդների միջև գենետիկ կապ հայտնաբերեցինք։
Երկու այլ անհատների գենոմային վերլուծությունը ենթադրում է հայկական ծագում և վկայում է Կովկասից կամ Անատոլիայից միգրացիոն հոսքի գոյությունը։
«Ստացված արդյունքները հիանալի համապատասխանում են հնագիտական և պալեոանթրոպոլոգիական տվյալներին, ինչպես նաև զգալիորեն լրացնում են դրանք՝ Բուլղարի միջնադարյան բնակիչների կառուցվածքի ձևավորման գործում բնիկ բնակչության ներդրման վերականգնման առումով»,- նշված է հետազոտության մեջ։




























