Նիգերիայի գաղտնի ոստիկանության աշխատակիցները հունվարի 16-ին բռնի ներխուժել են Լագոսում (երկրի տնտեսական մայրաքաղաքը) ամերիկյան CNN հեռուստաընկերության կենտրոն:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ոստիկանության գործակալները ներխուժել են շենք եւ հարցաքննել անձնակազմին` կապված օտարերկրյա աշխատակիցների քանակի, եւ արդյոք նրանք ունեն աշխատանքի թույտվություն:

Այդ ընթացքում Լագոսում իրավիճակն անհանգիստ է կապված արհեստակցական միությունների շարունակական գործադուլների հետ: Նրանք դժգոհում են բենզինի գներից: Իշխանություններն արդեն գնացել են զիջումների` կրճատելով վառելիքի թանկացած գները, բայց արհեստակցական միությունները պահանջում են ամբողջովին չեղյալ հայտարարել սուբսիդիաների վերացման մասին կառավարության որոշումը, որն էլ հանգեցրել է գնաճի, գրում է «Վզգլյադը»:

Տեղական ոստիկանությունը ստիպված է եղել նախազգուշացնող կրակ արձակել եւ արցունքաբեր գազ կիրառել, բողոքի մասնակիցներին հանդարտեցնելեւ համար: Լագոսի ռազմավարական տեսանկյունից կարեւոր կետերում զրահատեխնիկա է տեղակայված: