Standard & Poor`s գործակալությունն իջեցրել է եվրոպական ֆինանսական կայունացման հիմնադրամի (EFSF) վարկանիշը մեկ աստիճանով, առավելագույն «AAA»-ից հասցնելով մինչեւ «AA+»:

EFSF-ի վարկանիշի նվազման հիմնական պատճառը դարձել է  Ֆրանսիայի եւ Ավստրիայի վարկանիշների նվազումը «AAA»-ից մինչեւ «AA+»ի:  EFSF-ի վարկանիշի հետագա արժեւորման կանխատեսումը գնահատվում է «զարգացող», որը նշանակում է բարեհաջող ելքի դեպքում հակադարձ բարձրացում, հաղորդում է Agence France-Presse-ը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի, Ավստրիայի եւ եվրոպական եւս 7 երկրների վարկանիշները նվազել  էին 2012 թվականի հունվարի 13-ին:

Ֆինանսական կայունացման եվրոպական հիմնադրամը ստեղծվել է 2010 թվականին Հունաստանում ճգնաժամի սկսվելուց հետո: Հիմնադրամի ստեղծման նպատակն էր  եվրագոտու կայունացման ապահովումը` նրա օգնությամբ այն երկրներին պարտք տրամադրելով, որոնք ֆինանսական դժվարություններ ունեն: