Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը երկուշաբթի օրը Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ։ Հանդիպման հիմնական թեմաներից մեկը կլինի Գերմանիայի կողմից ԱՄՆ արտադրության Patriot զենիթահրթիռային համակարգերի գնումը և դրանք Ուկրաինային փոխանցելու հարցը։ Այս մասին հայտնում է «Financial Times» թերթը։
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հունիսին առաջարկել էր, որ Միացյալ Նահանգները Գերմանիային վաճառի երկու Patriot համալիր, որոնք Գերմանիան այնուհետև պետք է փոխանցեր Ուկրաինային։
Պիստորիուսը թերթին ասել է, որ Գերմանիան այլևս չի կարող իր Patriot համակարգերը տրամադրել Ուկրաինային, քանի որ դրանք չափազանց սակավաթիվ են։
Մինչ պատերազմը Գերմանիան ունեցել է 12 համալիր, որոնցից երեքը տրամադրվել են Ուկրաինային, իսկ երկուսը՝ Լեհաստանին։ Մնացած յոթից մեկը, ըստ Պիստորիուսի, մշտապես կա՛մ տեխնիկական սպասարկման մեջ է, կա՛մ օգտագործվում է զենիթահրետանային համակարգեր պատրաստելու համար։
«Մեր մոտ՝ Գերմանիայում, մնացել է ընդամենը վեցը։ Սա իսկապես քիչ է, հատկապես հաշվի առնելով ՆԱՏՕ-ի այն նպատակները, որոնք մենք պետք է իրականացնենք։ Մենք հաստատ չենք կարող ավելին տալ», - հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարը։
«Financial Times»-ը գրում է, որ Պիստորիուսը կրկին հայտարարել է, որ Գերմանիան Ուկրաինային չի մատակարարի իր Taurus թևավոր հրթիռները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը ևս մեկ անգամ հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինային Patriot զենիթահրթիռային համակարգեր մատակարարել, ընդ որում՝ դրանց դիմաց պետք է վճարեն եվրոպական երկրները։





























