Հարավային Սուդանի արեւելքում ցեղախմբերի միջեւ բախումներ են սկսվել, որոնց զոհ է գնացել 50 մարդ:
Ինչպես հայտնել է Ջոնգլեյ նահանգի ղեկավար Կուոլ Մանյանգը, հակամարտությունը սկիզբ է առել հունվարի 16-ի ուշ երեկոյան, նահանգի գյուղերից մեկում: Իրավապահները օգնել են բժիշկներին` 22 տուժած քաղաքացիներին մարտական բախումների գոտուց հիվանդանոց հասցնելու հարցում:
Ներկայումս մի քանի ապստամբական խմբավորումներ Հարավային Սուդանի տարբեր շրջաններում ռազմական գործողություններ են վարում կառավարական զորքերի եւ մի շարք ցեղախմբերի դեմ, ձգտելով դրանով խախտել ներքաղաքական կայունությունը: Ապստամբների խոսքով, իրենք պայքարում են երկրի հարավում էթնիկ խմբերի միջեւ խտրականության եւ իշխանության վերին էշելոններում կոռուպցիայի դեմ:
Հարավային Սուդանի կառավարությունը մեղադրում է Խարտումին (Սուդանի մայրաքաղաքն է) ապստամբներին աջակցելու մեջ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հիշեցնենք, որ Հարավային Սուդանը, երկարամյա արյունալի հակամարտությունից հետո, պաշտոնապես Սուդանից անկախություն է ստացել 2011 թվականի հուլիսի 9-ին:




























