ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը (ICE), ստանալով 45 միլիարդ դոլարի նոր ֆինանսավորում, շտապում է ամբողջ երկրում միգրանտների համար վրանային ճամբարներ կառուցել՝ մինչև տարեվերջ կալանավայրերում տեղերի թիվը 40 000-ից 100 000-ի հասցնելու նպատակով, գրում է The Wall Street Journal-ը։
Ըստ պարբերականի, գերատեսչությունն առաջնահերթություն է տալիս ռազմաբազաներում և ICE-ի բանտերում տեղակայված լայնածավալ վրանային ճամբարներին, այդ թվում՝ 5000-տեղանոց ճամբարին Տեխասի Ֆորտ Բլիսում և մյուսներին՝ Կոլորադոյում, Ինդիանայում և Նյու Ջերսիում։ Այս մասին ասվում է փաստաթղթերում, որոնց ծանոթացել է WSJ-ը։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ նախարար Քրիստի Նոեմը, նախապատվությունը տվել են հանրապետական նահանգների և տեղական իշխանությունների կառավարման ներքո գտնվող կալանավայրերին, այլ ոչ թե մասնավոր բանտային ընկերություններին, ասվում է զեկույցում։
Անցյալ շաբաթ Նոեմը հայտարարել է, որ բանակցություններ է վարում հինգ հանրապետական նահանգների հետ՝ Ֆլորիդայի «Ալիգատոր Ալկատրաս» բանտի օրինակով կալանավորման այլ վայրեր կառուցելու շուրջ։