Նիգերիայում սուրբծննդյան ահաբեկչությունների հնարավոր կազմակերպիչներից մեկը փախել է հսկիչներից:

Կաբիրու Սոկոտոյին հաջողվել է փախչել, երբ նրան Մայրաքաղաք Աբուջայի մի ոստիկանական տեղամասից մյուսն էին տեղափոխում, ասվում է Նիգերիայի դաշնային ոստիկանության հայտարարության մեջ: Կասկածյալը փախել է իր համախոհների եւ ոստիկանության հրաձգության ժամանակ: Նրան դեռեւս գտնել չի հաջողվել, հաղորդում է  Associated Press գործակալությունը:

Հիշեցնենք, որ Նիգերիայի կաթոլիկ եկեղեցիներում պայթյունների շարքը տեղի է ունեցել 2011 թվականի դեկտեմբերի 25-ի գիշերը: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Բոկո Հարամ» արմատական իսլամիստական խմբավորումը, որը նոր պայթյուններ էր խոստացել երկրի հյուսիսում:

2011 թվականի դեկտեմբերի վերջին ահաբեկչությունների հետեւանքով զոհվել է 40 մարդ: Ահաբեկիչները պայթեցրել են եկեղեցիներ Աբուջայի ծայրամասերում, ինչպես նաեւ Ջոս,  Գադակ եւ Դամաթուրու քաղաքներում: