Թուրքմենստանում ավարտվել է նախագահի թեկնածուների գրանցումը: Երկրի գլխավոր պաշտոնին, բացի գործող նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովից, եւս 7 մարդ է հավակնում:
«Turkmenistan.ru»-ն տեղեկացնում է, որ թեկնածուների ցուցակում պաշտոնյաներ եւ որոշ ձեռնարկությունների ղեկավարներ են: Ընդդիմության ներկայացուցիչներ չկան:
Ընտրություններին, մասնավորապես, կմասնակցի «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի «Մարիգազչիկարիշ»-ի վարչության ղեկավար Կակագելդի Աբդիլաեւը եւ «Նեբիտգազդույպլիաբատլայշ» տրեստի կառավարիչ Ղուրբանմամեդ Մոլլանիյազովը: Որպես թեկնածու գրանցված են նաեւ ջրային տնտեսության նախարար Անագելդի Յազմիրադովը, բամբակի մշակման ֆաբրիկայի տնօրեն Սապարմիրատ Բատիրովը եւ էներգետիկայի նախարար Յարմուհամեդ Օրազգուլիեւը:
Ընտրությունները նշանակված են փետրվարի 12-ին:
Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը երկրի նախագահն է 2007 թվականից: Այդ պաշտոնում նա փոխարինել է Սապարմուրադ Նիյազովին, որը Թուրքմենիան ղեկավարել է շուրջ 20 տարի եւ ցմահ նախագահի կարգավիճակ է ունեցել (Պետության ղեկավարի պաշտոնը նա զբաղեցրել է մինչեւ մահը):




























