Թուրքիայի արդարադատության նախարար Սեդուլահ Էրգինը չի մեկնաբանել Հրանտ Դինքի սպանության գործով դատարանի կայացրած վճիռը` նշելով, թե գործընթացը չի ավարտվել:
Թուրքական NTV-ի փոխանցմամբ` Սեդուլահ Էրգինն ասել է, թե դատավարության գործընթացը 3 փուլից է բաղկացած` նշելով. «Գործընթացը չի ավարտվել: Բողոքարկման գործընթացը շարունակվում է: Երբ գործընթացն ավարտվի, համապատասխան եզրահանգում կանենք»:
Նշենք, որ Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարել է, թե դատարանի նման որոշումը վտանգավոր զարգացում է:
Հունվարի 17-ին թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը ծրագրավորելու եւ կազմակերպելու մեղադրանքով եւ դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց եւ դատապարտվեց 10 տարի 6 ամիս պատժաչափի՝ Mc Donald’s-ի պայթյունի համար։ Սակայն դատարանը նրան ազատ արձակման որոշում է կայացրել` հաշվի առնելով, որ նա այսքան ժամանակ գտնվել է կալանքի տակ: Համապատասխան գործընթացից հետո Էրհան Թունջելը ազատ է արձակվել:
Նշենք, որ թուրքական դատարանը ավելի վաղ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթին դատապարտել է 21 տարի 6 ամիս ազատազրկման՝ կանխամտածված սպանության համար եւ 1 տարի 4 ամիս՝ անօրինական զենք կրելու համար։ Ըստ այդմ, Սամասթի պատժաչափը հասել է 22 տարի 10 ամսվա:
Օգյուն Սամասթի փաստաբանի դիմումի համաձայն՝ նրա գործը տեղափոխվել էր Ստամբուլի անչափահասների համար նախատեսված դատարան, քանի որ փաստաբանը հիմնավորել էր, թե սպանության պահին Սամասթը անչափահաս է եղել։




























