Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջարկել է սիրիական կողմերին բանակցություններ վարել Ռուսաստանի տարածքում որպես այլընտրանք նախկինում առաջարկված Կիպրոսի փոխարեն:
Այսօր կայացած ասուլիսում ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, թե Ռուսաստանն «ակտիվորեն աշխատում է սիրիական ողբերգության բոլոր մասնակիցների հետ, որպեսզի հնարավորինս շուտ հանդիպում կազմակերպի ազգային երկխոսություն սկսելու հարցով»: Նա նշել է, թե Արաբական երկրների լիգան առաջարկել է երկխոսությունը վարել Կիպրոսում, բայց եթե բարդություններ առաջանան, Ռուսաստանը պատրաստ է իր տարածքում ընդունել սիրիացիներին:
Ներկայացնելով իրավիճակը Սիրիայի շուրջ, Սերգեյ Լավրովն ասել է, թե Արեւմուտքը պնդում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվող բանաձեւից ուժի չկիրառման դրույթը հանելու վրա:
Լավրովը խոստովանել է, որ եթե որեւէ կողմ որոշի ուժ կիրառել Սիրիայում, իրենք չեն կարող խոչընդոտել դրան, բայց այդ գործողությունները կարվեն առանց ՄԱԿ-ի մանդատի եւ ամբողջությամբ կլինեն այդ կողմի խղճի վրա:




























