ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր` հունվարի 18-ին, ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոյին:

ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադառնալով հունվար ամսին իր գլխավորած պատվիրակության` Բելառուսի Հանրապետություն կատարած այցին` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ իր հանդիպումները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Լեոնիդ Մալցեւի, Պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինի, ինչպես նաեւ Բելառուսի Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի ղեկավարության հետ եղել են առավելապես արդյունավետ եւ մեծապես կնպաստեն մի շարք ոլորտներում հայ-բելառուսական կապերի խորացմանը:

Այս եւ մի շարք այլ հանդիպումների արդյունքում այս տարվա ընթացքում Հայաստան են այցելելու Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղարության, Ռազմարդյունաբերական համալիրի ղեկավարության, ինչպես նաեւ Գյուղատնտեսության եւ պարենամթերքի նախարարության եւ Արդյունաբերության  նախարարության պատվիրակությունները` ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու նպատակով: Ընկերության ներկայացուցչությունը հիմնելու նպատակով` գյուղատնտեսական սարքավորումների եւ տեխնիկայի ոլորտի «Պրոագրոլիզինգ» ընկերության պատվիրակությունը Հայաստան կայցելի արդեն հունվարի վերջին: 

Դեսպանն իր համոզմունքն է հայտնել, որ բելառուսյան այցը նոր թափ կհաղորդի մի շարք ոլորտներում հայ-բելառուսական համագործակցությանը եւ տեղեկացրել, որ իր գլխավորությամբ արդեն իրականացվում են առաջիկայում սպասվող այցերի կազմակերպման աշխատանքները: