Կուզեի խոսել այգիների խնդիրներից, որոնք քաղաքապետարանի այսպես ասած տիրապետման տակ չեն. օրինակ, Կոնսերվատորիայի այգին, որը վարձակալության է տրված երկարաժամկետ և ունենք դատական գործընթաց և փաստացի դատական պրոցեսների շատ երկար ձգձգումները բերում են մի իրավիճակի, որ այդ այգիները սկսում են չորանալ։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 28–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ես օրինակ վստահ չեմ հետագայում մենք այդ վարձակալից համապատասխան փոխհատուցումը կկարողանա՞նք ստանալ, երբ  այդ ամբողջ այգին վերանա։ Հետևապես, պարոն Բեգոյան, պետք է խնդրեմ, անկախ նրանից՝ վարձակալած  այգին, թե ոչ, գնացեք ջրեք,  որովհետև հետո մեկ է մենք ենք պատասխան տալու։

Երկրորդը Դավթաշենի այգին, որը շատ երկար ժամանակ կապալառուն չի կարողանում հանձնել, ի՞նչ է պատահել, ի՞նչ է խնդիրըի, որ չի հանձնվում այդ պրոյեկտը»,–ասաց նա։

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության տնօրեն Անդրանիկ Թևոսյանն արձագանքեց. «Արդեն վերջացրել ենք պրոյեկտը, ջրատար համակարգը  գնացել, նայել ենք և արդեն հանձման պրոցեսում ենք, ավարտում ենք»։

Ինչ վերաբերում է նրան, որ այդ այգին եւս կիսաչոր վիճակում է, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն ասաց. «Խնդիրը ոռոգման համակարգի մեջ էր և պետք է ուղիղ ասեմ, այգին կիսաչոր վիճակի մեջ է, որովհետև շինարարական աշխատանքների ընթացքում, ենթադրում եմ՝ այդքան էլ լավ չեն նայել։ Դրա համար եղած խոտածածկույթը այնտեղ ամբողջովին վերացել է։ Ջրի ոռոգման համակարգի թերությունները  շտկված են։ Այգին արդեն մենք ընդունել ենք, պարբերաբար այգին ջրվում է։ Այնտեղ մի խնդիր կա. Այս պահին գազոնները չենք կարող վերականգնել պայմանավորված եղանակային պայմաններով»։

Ավինյանն էլ արձագանքեց. «Ոչինչ, գազոնը աշնանն էլ կարող ենք վերականգնել, կարևորը ծառերը չչորացնենք»։

Ինչ վերաբերում է կոնսերվատորիայի այգուն, Բեգոյանն ասաց. « ճիշտն ասած այդպիսի խնամքի աշխատանքներ չենք իրականացնում, բայց մեր խիղճն էլ չի տանում, շաբաթը մեկ, 10 օրը մեկ ջրցան մեքենաներով կոնսերվատորիայի այգում միայն ծառերը ջրում ենք, որ կարողանանք փրկել»։

Ավինյանը նկատեց, որ անկախ նրանից, որ դատական պրոցես կա, չի կարելի այս վիճակը հանդուրժել. «Այսինքն ամեն կերպ պայքարում են, որ այդ այգին մնա իրենց մոտ, որ չորացնե՞ն այդ այգին, դա՞ է նպատակը իրենց։ Եթե դա է նպատակը, ուրեմն համապատասխան հետևանք պիտի ունենա իրենց համար նաև այդ չհետևելը, որովհետև դա ուղիղ քաղաքին հասցված վնաս է։ Նրանք վնասում են մեզ, երևանցիներին, Երևան քաղաքին և իրենք պետք է պատժվեն։ Իսկ դուք գնացեք ջրեք»։