Անցյալ տարվանից Կոնսերվատորիայի այգին ոչ միայն չէր ջրվում վարձակալի կողմից, այլև շատ ոչ սանիտարական պայմաններ են այնտեղ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 28–ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը։

«Մենք անցյալ տարվանից շաբաթական երկու անգամ իրականացնում ենք մաքրման աշխատանքներ, մի փոքր վերանորոգման նաև աշխատանքներ արեցինք, բայց վերջերս նաև տեսանք, որ  այնտեղ արդեն չջրելու արդյունքում սոսի է տապալվել։

Գոնե շաբաթական մեկ անգամյա կտրվածքով ջրվում են ջրցանով, բայց մեր աշխատակիցներն էլ ցայտաղբյուրի ջրով են փորձում ջրել ծառերը, բայց իրոք շատ տխուր վիճակ է այնտեղ ծառերի ու բույսերի մասով»,–ասաց նա։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց. «Ես նաև ուզում եմ հատուկ մեր գործընկերներին, որոնք որ այս գործերը քննում են դատական ատյաններում, ուշադրությունը հրավիրել էս տեսակ խնդիրների վրա, որ երբ էս պրոցեսները շատ երկար են տևում, իրենք բերում են շատ վատ հետևանքների։ Խնդրում եմ հնարավորինս էս տեսակ գործերը, նամանավանդ հանրային կարևորություն, հանրային շահ ներկայացնող գործերը, մի փոքր ուշադրություն է ավելի սևեռել էս տեսակ գործերի վրա և շատ երկար պրոցեսներ չիրականացնել, ինչ-որ ուղղությամբ որոշումներ կայացնեն, որովհետև անկեղծ ասած արդեն տարուց ավել է՝ քննվում է այս գործը միայն։ Տարուց ավել քննվում է, այգին չորացավ»։