Սերբ ազգայնականների առաջնորդ Վոիսլավ Շեշելը, որը Հաագայի Միջազգային դատարանի վերահսկողության տակ է գտնվում, հունվարի 18-ին ծանր վիճակում կրկին հիվանդանոց է տեղափոխվել:
Սերբական ազգայնականների արմատական կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Շեշելը Հաագայի Միջազգային դատարանի համալիրի սահմաններից դուրս գտնվող հիվանդանոցներից մեկում է: Նա հիվանդանոց է տեղափոխվել հունվարի 6-ին ունեցած նույն ախտանշաններով: Այն ժամանակ արմատականները հայտարարել էին, որ առաջնորդը կլինիկական մահ է տարել, սակայն դատարանի ներկայացուցիչները հերքել էին դա:
Արմատականների կուսակցության ներկայացուցիչների խոսքով` հունվարի 10-ին Շեշելի օրգանիզմում սրտի աշխատանքի կարգավորիչ է տեղադրվել:
Միջազգային դատարանի մամլո ծառայությունն այդ լուրը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է:
Վոիսլավ Շեշելը հսկողության տակ է գտնվում 2003 թվականից, երբ ինքնակամ հանձնվել էր Հաագայի դատարանին: Նա մեղադրվում է Հարավսլավիայի պատերազմի ժամանակ ռազմական եւ մարդկության դեմ գործած հանցագործություններում: Շեշելը կտրականապես հերքում է իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները եւ իր ձերբակալությունն անօրինական է համարում: Դեռեւս անավարտ դատական գործընթացի ընթացքում Շեշելը քանիցս մեղավոր է ճանաչվել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ եւ դատապարտվել բանտային կալանքների, գրում է Lenta.ru-ն:




























