ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունվարի 18-ին լսել է Մեթյու Բրայզայի հաշվետվությունը Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նրա կատարած աշխատանքի վերաբերյալ:
Պետքարտուղարը ցանկություն է հայտնել քննարկել Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակն ու զարգացման հեռանկարները, հաղորդում է Turan-ը վկայակոչելով տեղեկացված դիվանագիտական աղբյուրը:
«Բրայզային զեկույցի կանչելը տեղական դիտորդները գնահատում են որպես նրա աշխատանքի բարձր գնահատական, նրան չեն թողնի առանց հետաքրքիր աշխատանքի»,- ասված է ադրբեջանական գործակալության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Մեթյու Բրայզան դեսպան էր նշանակվել Օբամայի կողմից առանց Սենատի հաստատման: Նման դեպքերում նշանակումը լինում է մեկ տարով: Բրայզայի թեկնածության վրա վետո էին դրել սենատորներ Բարբարա Բոքսերն ու Ռոբերտ Մենենդեսը:




























