Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ խոսքի նման ազատություն, որ կա Ռուսաստանում, հնարավոր չէ անգամ ԱՄՆ-ում:

Լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ հանդիպմանը` հունվարի 18-ին Պուտինը պատմել է, թե միացրել է ռադիոկայանն ու զարմացել ՀՀՊ համակարգի մասին իր լսածից:

«Քննարկվում էր հակահրթիռային պաշտպանության համակարգը: Նման հիմարություն, գիտեք, ես չէի լսել. Ասում են` մեզ համար կարեւոր չէ, թե մեր սահմաններից ինչ հեռավորության վրա են գտնվում այդ հակահրթիռները: Ինչպե՞ս թե կարեւոր չեն»,- ասել է Պուտինը` դիմելով ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին:

Այնուհետ նա հիշեցրել է ռադիոկայանով լսած իր մյուս միտքը, թե ԱՄՆ-ը առաջարկում է  Ռուսաստանին համատեղ աշխատել հակահրթիռային պաշտպանության ոլորտում:

«Դա մենք ենք առաջարկում, իսկ իրենք հրաժարվում են»,- հավաստիացրել է Պուտինը:

«Ես պառկած մտածում էի, ախր իրենց տվածը տեղեկատվություն չէ, այլ մեկ այլ պետության արտաքին քաղաքական շահերի սպասարկում մյուսի` Ռուսաստանի հաշվին»,- ասել է Պուտինը` հիշեցնելով, որ «Էխո Մոսկվին» պատկանում է «Գազպրոմին» եւ գոյություն ունի ռուս հարկատուի հաշվին, նման բան ԱՄՆ-ում անհնար էր: