Գերմանիայի իշխող կուսակցության պատգամավոր Էրիկա Շտայնբախը հնարավոր է համարում, որ Գերմանիայի Բունդեսթագը եւս ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունի:
«Իմ եւ իմ խորհրդարանական խմբակցության համար պարզից էլ պարզ է, որ ցեղասպանություն է եղել, որքան էլ Թուրքիան ժխտի իրողությունը»,- նշել է Էրիկա Շտայնբախը, ով Բունդեսթագում հանդիսանում է Քրիստոնեա-դեմոկրատական եւ Քրիստոնեա-սոցիալիստական միությունների խորհրդարանական խոսնակը՝ մարդու իրավունքների հարցերով:
Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ ֆրանսիացի գործընկերների փորձը կիրառվի նաեւ Գերմանիայի Բունդեսթագում, Շտայնբախը նշել է, որ առհասարակ հնարավոր է՝ գերմանական խորհրդարանում ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձեւ ընդունվի, սակայն դրա համար դժվար թե լինի մյուս խմբակցությունների մեծամասնության ձայները:
«Անհրաժեշտ է, որպեսզի Հայոց ցեղասպանության թեման ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ մշտապես արդիական պահել՝ այդ թվում եւ Գերմանիայի կողմից: Թուրքիան պատասխանատվություն է կրում: Այսօրվա իշխանությունը չի իրագործել ցեղասպանությունը, եւ կարող է հեշտությամբ ընդունել փաստը, ասել, որ իրենք ցավում են, որ տեղի է ունեցել անարդարություն, եղել է ցեղասպանություն, ինչը, սսկայն, մինչ օրս չի հնչել»,- ընդգծել է գերմանացի պատգամավորը:



























