Սերբիայի ազգայնականների արմատական կուսակցության առաջնորդ Վոիսլավ Շեշելը, ով Միջազգային դատարանում մեղադրվում է Հարավսլավիայի պատերազմի ընթացքում գործած ռազմական հանցագործություններում, հիվանդանոցից դուրս գալուց հետո կրկին կալանքի տակ է վերցվել:
Հիշեցնենք, որ Շեշելը հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 18-ի երեկոյան` սրտի անբավարարվածության եւ ճնշման կտրուկ անկման պատճառով:
Բժիշկները հայտարարել են, որ Շեշելի առողջական վիճակը կայուն է: Կուսակցության ներկայացուցիչ Դրագան Թոդորովիչը կասկածում է բժիշկների օբյեկտիվությանը: Նա հայտարարել է, որ Հաագայի դատարանն ամեն գնով ուզում է Շեշելին հեռացնել, ուզում է սպանել նրան, քանի որ հնարավոր չէ այդքան կարճ ժամանակահատվածում վիճակի բարելավում:
Հունվարի սկզբին Շեշելին արդեն տեղափոխել էին հիվանդանոց: Նրա պաշտպանության ղեկավար Զորան Կրասիչը հաստատել է, որ այն ժամանակ քաղաքական գործիչը կլինիկական մահ է տարել, սակայն դատարանն այդ տեղեկությունը հերքել է: Այն ժամանակ Շեշելին հիվանդանոց էին հասցրել անգիտակից վիճակում:
Շեշելն ինքնակամ Միջազգային դատարան է հանձնվել 2003 թվականի փետրվարին: Նրա դեմ դատավարությունն սկսվել է 2007 թվականի նոյեմբերին: Նա շարունակում է մնալ Սերբիայի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























