Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում հունվարի 19-ին կայացել է ԵՄ եւ ԵԱՀԿ համատեղ ծրագրի շնորհանդեսը` Հայաստանում 2012թ. խորհրդարանական եւ 2013թ. նախագահական ընտրություններին աջակցելու վերաբերյալ:
Ծրագրի արժեքը 1,7 միլիոն եվրո է: Ծրագիրը մանրամասն ներկաայցրել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան եւ ԵԱՀԿ գրասենյակի պատվիրակության ղեկավար Կարել Հոֆստրան:
ԵՄ պատվիրակության ղեկավարը հիշեցրել է, որ ծրագիրը ֆինանսավորում է Եվրամիությունը, իսկ իրականացնելու է ԵԱՀԿ-ն: Խրիստեան նաեւ դրական է գնահատել գարնանը իրականացված Ընտրական օրենսգրքի բարեփոխումները: «Հաշվի առնելով ԵԱՀԿ հարուստ փորձը, կարծում եմ` նա լավագույն գործընկերն է տվյալ ծրագրի համար»,- նշել է ԵՄ ներկայացուցիչը` նկատելով, որ ծրագրում է եւս մեկ նախագիծ իրականացնել` ավելի փոքր ֆինանսավորմամբ եւ այլ գործընկերոջ հետ: Այդ ծրագիրն ուղղված է գենդերային հավասարության պահպանմանը նախընտրական փուլում:
ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Կարել Հոֆստրան նկատել է, թե ծրագրի շրջանակներում տեխնիկական աջակցություն է ցուցաբերվելու ԿԸՀ-ին (համակարգիչներ, ծրագրային ապահովում, դասընթացներ աշխատակիցների համար), Ոստիկանության վիզաների եւ անձնագրային վարչությանը, օմբուդսմենի ինստիտուտին: Որոշ միջոցներ ուղղվելու են հասարակության գիտելիքների բարձրացմանը:
Հարցին, թե որքանով է երկրի ներկայիս իրավիճակը համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների անցկացման հեռանկարներին, Տրայան Խրիստեան չի պատասխանել, միայն նշել է, թե ընտրությունների պատշաճ անցկացումը լավ առիթ է բարեփոխումների, առաջընթացի եւ հետագա եվրաինտեգրման համար:
Կարել Հոֆստրան նկատել է, որ շատ կուսակցություններ արդեն հայտարարում են, որ ավելի լայն չափով են ներկայացված հաջորդ գումարման խորհրդարանում: «Բոլորի հույսերը չեն արդարանա, կլինեն հիասթափվածներ»,- նշել է ԵԱՀԿ ներկայացուցիչը:



























