Ճապոնիան մտադիր է սահմանել տիեզերքից մարդու կողմից ստեղծված օբյեկտների հեռացման միջազգային կանոններ, որոնք կարող են արբանյակների և Միջազգային տիեզերական կայանի հետ բախման վտանգ ներկայացնել, եթե մնան ուղեծրում, հայտնում է Kyodo-ն։

Ճապոնիայի նախարարների կաբինետը փորձագետների հետ համագործակցությամբ մտադիր է սահմանել տիեզերական աղբի, ինչպիսիք են հրթիռների և արբանյակների բեկորները, մաքրման հետ կապված իրավական և ընթացակարգային հարցերը։

Խնդիրները ներառում են դրա սեփականատիրոջից՝ լինի դա ընկերություն, պետություն, թե այլ կազմակերպություն, աղբի մասին տեղեկատվություն ստանալու ընթացակարգերի հստակեցումը։

Ըստ պաշտոնյաների, կառավարությունը մտադիր է օգտագործել փորձագետների խմբի տեղեկատվությունը՝ տիեզերական աղբի հեռացման կանոնների շուրջ գլոբալ քննարկումներ անցկացնելու համար, որոնք կհամընկնեն 2026 թվականին տիեզերական տարածության խաղաղ նպատակներով օգտագործման ՄԱԿ-ի կոմիտեի նիստի հետ։

Տիեզերական աղբը ուղեծրով շարժվում է վայրկյանում 7-8 կիլոմետր արագությամբ, ինչի հետևանքով նույնիսկ փոքր, թեթև բեկորները կարող են բախման դեպքում լուրջ վնաս հասցնել։ Ըստ Եվրոպական տիեզերական գործակալության տվյալների, ներկայումս ուղեծրում կա շուրջ 3000 շարքից դուրս եկած արբանյակ և մոտ 2000 հրթիռի մաս։

Ներկայումս ընթանում են տիեզերական աղբի հավաքման տեխնոլոգիայի հետազոտություններ և մշակումներ, քանի որ երկրներն ու ձեռնարկությունները շարունակում են ավելի ու ավելի շատ արբանյակներ արձակել տիեզերք։

Անցյալ տարի Astroscale Japan Inc.-ի տեսչական արբանյակը հաջողությամբ մոտեցել է օբյեկտին և լուսանկարել տիեզերական աղբը։ Իր փորձի հաջորդ փուլում ընկերությունը նախատեսում է 2027 ֆինանսական տարում բռնել և հեռացնել աղբը ուղեծրից։

Ըստ մոնիթորինգի ամերիկյան կազմակերպության տվյալների, ներկայումս ուղեծրում կա ավելի քան 30,000 օբյեկտ՝ 10 սանտիմետրից ավելի տրամագծով։