Թուրքիայում Հրանտ Դինքի սպանության գործով դատական շոուի ավարտից հետո էլ շարունակվում են զավեշտները։ Այս անգամ հասարակությանը խիստ զարմացրել է Դինքի սպանության գործը քննող դատարանի նախագահ Ռուսթեմ Էրյըլմազի հայտարարությունը։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 14-րդ դատարանի նախագահ Ռուսթեմ Էրյըլմազը հայտնել է, թե Դինքի գործով դատական գործում այդպես էլ չբացահայտվեց բոլորի կողմից հետաքրքրված հետին պլանը։ «Վճռով մեղադրյալները ազատ արդարացվեցին հանցավոր խմբի անդամ լինելու մեղադրանքներից, սակայն դա չի նշանակում, թե նման հանցախումբ չկա։ Պարզապես մենք իրավաբանորեն չենք հայտնաբերել անհրաժեշտ ապացույցներ։ Ես կարծում եմ, որ սպանության գաղափարը Յասին Հայալինը չէր։ Վճիռը ոչ ոքի չբավարարեց։ Եթե ինձ հարցնեն, կասեմ, այո, ինձ էլ չբավարարեց վճիռը»,-նշել է դատարանի նախագահը։
Նշենք, որ հունվարի 17-ին թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը ծրագրավորելու եւ կազմակերպելու մեղադրանքով եւ դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց եւ դատապարտվեց 10 տարի 6 ամիս պատժաչափի՝ Mc Donald’s-ի պայթյունի համար։ Սակայն դատարանը նրան ազատ արձակման որոշում է կայացրել` հաշվի առնելով, որ նա այսքան ժամանակ գտնվել է կալանքի տակ: Համապատասխան գործընթացից հետո Էրհան Թունջելը ազատ է արձակվել:
Դատարանի որոշմամբ Դինքի սպանության գործով 19 մեղադրյալների վրայից հանվեց ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեղադրանքը։



























