Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացման ԵՄ եւ ԵԱՀԿ համատեղ ծրագրերի շրջանակում մեծ ուշադրություն է հատկացվելու հասարակական կարգի պահպանմամբ զբաղվող ոստիկանների արհեստավարժության բարձրացմանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան այսօր` հունվարի 19-ին կայացած մամուլի ասուլիսում:
Խոսելով ոստիկանների պատրաստության մասին` ԵԱՀԿ ներկայացուցիչը, կոնկրետ փաստեր չնշելով, բայց ակնհայտորեն նկատի ունենալով 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները, նկատել է. «Դուք գիտեք, թե ինչ է եղել նախորդ ընտրություններում եւ ինչ գնահատական է տրվել ոստիկանության գործողություններին: Դա անցյալում է: Չպետք է մոռանալ, բայց պետք է առաջ շարժվել»:
Այդ համատեքստում նա հիշեցրել է, թե ոստիկանների արհեստավարժությունը կախված է ոչ թե տեխնիկայից, այլ պատրաստվածության մակարդակից, ուստի դասընթացներ եւ հետագա մոնիտորինգ է անցկացվելու: Հոֆստրան նշել է, թե վերջին մեկուկես-երկու տարում ոստիկանության հետ համագործակցությունը զարգացել է:
Հոֆստրան նաեւ չի բացառել, որ ընտրացուցակներում կարող են անճշտություններ լինել:



























