NEWS.am-ի տեղեկություններով, Տիգրանյան փողոցում գտնվող «ՆԻԿՕ» կահույքի սրահի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության գործով արդեն ձերբակալվածներ կան: Մեր տեղեկությունը հաստատել են նաեւ ոստիկանության լրատվության վարչությունից:  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ այս պահի դրությամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ՝ 20-ամյա Է. Նահապետյանը եւ 19-ամյա Ն. Մանվելյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վիճաբանությունը տեղի էր ունեցել մի խումբ երիտասարդների միջեւ, որին մասնակցել էր նաեւ խանութի սեփականատիրոջ եղբորորդին:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Արաբկիր համայնքի Տիգրանյան փողոցում գտնվող «ՆԻԿՕ» կահույքի խանութի մոտ կրակոցներ են հնչել: Վնասվել են սրահի ապակիները:

Դեպքի վայր մեկնած ոստիկանների օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 16:45–ի սահմաններում Տիգրանյան փողոցում գտնվող «ՆԻԿՕ» կահույքի սրահի մոտ, անհայտ անձինք վիճաբանել են ու կրակոցներ արձակել:

Դեպքի վայրից հայտնաբերվել է 10-ից ավելի պարկուճ: Ինչպես հայտնում են ոստիկանությունից, կրակոցներից վնասվել է կահույքի սրահի ցուցափեղկի ապակին: Վիճաբանության մասնակիցները վնասվածքներ չեն ստացել: