Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Փրիդոն Թոդուան վճռականորեն հերքել է «Նովոստի Արմենիա»-ի կողմից տարածված տեղեկատվությունը, թե Բաքվում գտնվելով հայտարարել է, որ «Վրաստանը եւ Ադրբեջանը կվերադարձնեն բռնագրավված տարածքները, որովհետեւ այդ իրենց հողերն են»: Այս մասին հաղորդում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

«Պիրվելի»-ի հետ հարցազրույցում Փ.Թոդուան, մասնավորապես, հայտարարել է. «Ես նման բան չեմ ասել: Մենք համատեղ հարցազրույց ենք տվել տեղական լրատվամիջոցներին, սակայն նշյալը ես չեմ ասել: Ես շահագրգռված եմ, որ Վրաստանը լինի միասնական, իսկ մյուս երկրների հիմնախնդիրներին ես չեմ միջամտում»:

«Պիրվելի»-ն ներկայացրել է նաեւ Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը, որտեղ նա վրաց գործընկերոջ խոսքերը գնահատել էր որպես «ոչ կոռեկտ», «իրականությունից հեռու եւ անհեթեթ»: