«Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ Ռուսաստանն է հանձնել Լեռնային Ղարաբաղը»։ Այս մասին օգոստոսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղը հանձնվել է հայ ժողովրդի կողմից, որը չի պայքարել հայկական իշխանությունների դեմ, ում հենց իրենք են բերել և ում ձեռքերով է հանձնվել Լեռնային Ղարաբաղը։ «Որքան էլ դաժան հնչի, այդպես է», - բացատրել է նա։

Աշոտյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը դարձել է Նիկոլ Փաշինյանի (Հայաստանի վարչապետ – խմբ.) աշխարհաքաղաքական խաղերի զոհը։ «Կարո՞ղ է արդյոք Լեռնային Ղարաբաղը նորից հայկական դառնալ։ Այո։ «Հաջորդ տարի՝ Շուշիում» սկզբունքը պետք է լինի ոչ միայն կարգախոս, այլ կյանքի ձև։ Քանի դեռ մեղավորներ կփնտրենք արտերկրում և արդարացումներ՝ ներսում, ոչնչի չենք հասնի։ Մեղավոր ենք բոլորս՝ սկսած մեզնից՝ ընդդիմությունից», - ընդգծել է նա։

Խոսելով հաջորդ ուրբաթ հնարավոր բանակցությունների մասին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ ԱՄՆ-ում կայանալիք հանդիպման ժամանակ ստորագրվելիք փաստաթուղթը Հայաստանին պետք չէ, գուցե Նիկոլ Փաշինյանին է պետք։ «Ադրբեջանին դա կարող է պետք լինել՝ ԱՄՆ նախագահին վաճառելու, նրան հաճոյանալու և Թրամփին բոնուսներ ստանալու հարցում օգնելու համար», - հավելել է ընդդիմադիր գործիչը՝ կոչ անելով իշխանություններին բացահայտել բանակցությունների և փաստաթղթի մանրամասները, եթե այդպիսիք կան։