Թուրքիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մեթին Գյուրակն արձակուրդ է ուղարկվել «կադրային անհրաժեշտությունից» դրդված, հաղորդում է MK-Turkey-ն։
Աղբյուրի տվյալներով՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ Անկարայում տեղի է ունեցել Բարձրագույն ռազմական խորհրդի տարեկան նիստը։ Դրա արդյունքներից հետո հայտարարվել են մի շարք առանցքային կադրային որոշումներ։
Գլխավոր շտաբի նոր պետ է նշանակվել ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Սելչուկ Բայրաքթարօղլուն։ Ցամաքային զորքերի հրամանատարի թափուր պաշտոնը զբաղեցրել է 1-ին բանակի հրամանատար, գեներալ Մեթին Թոքելը։
Ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրդջումենտ Թաթլըօղլուի և ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Զիա Ջեմալ Քադըօղլուի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է մեկ տարով։
Բացի դրանից, բարձրացվել է երկու գեներալի և ծովակալի զինվորական աստիճանները, 61 գնդապետ էլ գեներալի և ծովակալի ուսադիրներ են ստացել։
Սելչուկ Բայրաքթարօղլուն ծնվել է 1961 թվականին Արդվինում։ 1981 թվականին ավարտել է Ցամաքային զորքերի ռազմական ակադեմիան՝ իբրև կապի սպա։
1993 թվականին ավարտել է Ցամաքային զորքերի ակադեմիան, 1997 թվականին՝ Զինված ուժերի ակադեմիան։
2009 թվականին նրան բրիգադի գեներալի կոչում է շնորհվել ։ 2009–2011 թվականներին եղել է 9-րդ դեսանտային-գրոհային բրիգադի հրամանատար։ 2011–2013 թվականներին՝ Ցամաքային զորքերի լոգիստիկայի հրամանատարության ռազմամթերքի վարչության պետ։
Գեներալ-մայորի կոչումով 2013–2014 թվականներին եղել է Գլխավոր շտաբի կապի և կիբերպաշտպանության հրամանատարության հրամանատար։ 2014–2016 թվականներին՝ 3-րդ բանակի շտաբի պետ։
Կորպուսի գեներալի պաշտոնում 2016-2020 թվականը՝ Գլխավոր շտաբի անձնակազմի վարչության պետ։ 2020–2021 թվականներին՝ Գլխավոր շտաբի պետի տեղակալ։
2023 թվականին բանակի գեներալի պաշտոնում նշանակվել է Ցամաքային զորքերի հրամանատար։





























