Հայաստանի նախագահի հանձնարարությունը` բանակում տեղի ունեցած հանցագործությունների մանրամասն քննության վերաբերյալ հետեւողականորեն կատարվում է: Այդ մասին այսօր` հունվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գեւորգ Կոստանյանը:

Հիշեցնենք, որ 2011 թվականի հունվարին բանակում զոհված զինվորների մայրերը հավաք էին կազմակերպել նախագահի նստավայրի մոտ: Երկրի ղեկավարը զրուցել է զոհված զինվորների մայրերի հետ եւ խոստացել, որ զինդատախազի փոփոխությունը արդար քննության սկիզբ կդառնա:

Պատասխանելով այն հարցին` թե ինչպես է իրականացվում նախագահի հրահանգը` Կոստանյանը տեղեկացրեց, որ բոլոր գործերը մանրամասնորեն ուսումնասիրվում են, որոշ փակված գործեր վերաբացվել են: «Անցկացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որոնք կարող են օգնել քննությանը»,- հավաստիացրեց Կոստանյանը, ավելացնելով, որ ստուգվում են նույնիսկ քննության տեսանկյունից անհեթեթ պնդումները:

Ընդհանուր առմամբ` Զինդատախազությունը պատրաստ է յուրաքանչյուր գործի, այդ թվում հրապարակային,քննարկմանը: Նրա խոսքով, շահագրգռված անձինք, հիմնականում զոհված զինվորների հարազատները, հաճախ անտեսում են իրավական ատյաները, նախապատվությունը տալով զգացմունքներին:

Անդրադառնալով քննության գործողություններին` Կոստանյանն ասաց, որ եթե քննիչի կամ դատախազի սխալները բացահայտվեն, ապա այդ սխալներն անմիջապես կուղղվեն, իսկ մեղավորները կպատժվեն: Այդ համատեքստում Կոստանյանը խոստովանեց, որ անցյալում եղել են գործեր, որոնց քննությունն անցկացվել է խախտումներով, հատկապես 2010 թվականին եւ ավելի վաղ: Սակայն 2011 թվականին չեն եղել չբացահայտված դեպքեր: