Թրամփը սպառնում է 100-տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել միկրոչիպերի ներմուծման նկատմամբ՝ ԱՄՆ-ում դրանց արտադրությունը խթանելու համար:

Հայտարարությունն արվել է Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքի ներկայությամբ: Ըստ գերմանական DW պարբերականի՝ Դոնալդ Թրամփը նշել է, որ դա «լավ լուր» է Apple-ի նման կորպորացիաների համար: Ընկերությունները կարող են շրջանցել այդ միջոցառումները, եթե ներդրումներ կատարեն ԱՄՆ-ում արտադրության մեջ: Թրամփը չի նշել, թե կոնկրետ երբ կարող են մաքսատուրքերն ուժի մեջ մտնել:

Իր հերթին Apple-ի գործադիր տնօրենը հայտարարել է ԱՄՆ-ում iPhone-ի բաղադրիչների արտադրության մեջ 100 միլիարդ դոլար ներդնելու ծրագրի մասին: Փետրվարին կորպորացիան արդեն հայտարարել էր երկրի ներսում 500 միլիարդ դոլար ներդնելու մտադրության մասին:

Ինչպես նշում են փորձագետները, Թրամփի գաղափարը կհանգեցնի էլեկտրոնիկայի գների բարձրացման ԱՄՆ-ում, քանի որ միկրոչիպերի մեծ մասն արտադրվում է Ասիայում: iPhone-ները և այլ սմարթֆոնները սովորաբար օգտագործում են թայվանանական TSMC-ի արտադրանքը: