Թեհրանը մեկուսացած է, իսկ նրա դիրքերը տարածաշրջանում` թուլացած, կարծում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նրա կարծիքով, դա տեղի է ունեցել «արդյունավետ դիվանագիտության, Իրանի վրա աննախադեպ ճնշումների եւ այն բանի շնորհիվ, որ ԱՄՆ-ին հաջողվել է իր կողմը գրավել այնպիսի երկրների, ինչպիսիք են Ռուսաստանն ու Չինաստանը»: Օբաման հիշեցրել է, որ երբ ինքը դարձավ ԱՄՆ նախագահ, աշխարհը բաժանված էր, իսկ Իրանը` միավորված: Նշենք, որ ԱՄՆ նախագահը հարցազրույց է տվել Times շաբաթաթերթին:

Լրագրող Ֆարիդ Զաքարիայի հետ զրույցում նա նշել է, որ Ռուսաստանի ու Չինաստանի աջակցությունը Իրանի միջուկային խնդրի լուծման բանալին է: Նման համագործակցություն է անհրաժեշտ նաեւ Աֆղանստանում իրավիճակի կայունացման համար:

«Ոչ միայն մենք, այլեւ միջազգային հանրություն, այդ թվում ռուսները, չինացիները, հնդիկները, պակիստանցիները, իրանցիները եւ մյուսները շահագրգռված են, որպեսզի վերջ դրվի Աֆղանստանում անվերջ թվացող երկպառակությանը: Ես կարծում եմ, որ այդ նպատակը հասանելի է»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Միաժամանակ, նա անընդունելի է համարել Չինաստանի հետ քաղաքական, տնտեսական կամ ռազմական հակադրության շուրջ քննարկումները, քանի որ Վաշինգթոնը Չինաստանին համարում է իր հիմնական գործընկերներից մեկը:

Բացի այդ, Օբաման ընդգծել է, որ Չինաստանի հետ մերձեցման քաղաքականությունը չի նշանակում ԱՄՆ-ի կապերի խզում այդ տարածաշրջանում նրա հին գործընկերների` Չինաստանի ու Հարավային Կորեայի հետ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: