2011 թվականի ընթացքում Հայաստանը ժողովրդավարության ու ազատության ոլորտում որեւէ նշանակալից քայլ չի կատարել: Այդ մասին է վկայում միջազգային «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության հրապարակված զեկույցը, որտեղ արդեն տաս տարի շարունակ Հայաստանը դասվում է մասամբ ազատ երկրների շարքում։
Ըստ «Freedom House»-ի` մասամբ ազատ երկրներնը նրանք են, որտեղ բավարար հարգանք չի դրսեւորվում քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատությունների նկատմամբ, օրենքի իշխանությունը թույլ է, ու չնայած բազմակարծության որոշակի մակարդակ կա, այդուամենայնիվ, քաղաքական դատշում գերիշխում է ընդամենը մեկ կուսակցություն։ Նշվում է նաեւ, որ այս խմբում ընդգրկված երկրները որպես կանոն տուժում են կոռուպցիայից:
Այս տարվա զեկույցում որեւէ առաջընթաց չի արձանագրել նաեւ Լեռնային Ղարաբաղը, որն ընդգրկված է վիճահարույց տարածքների ցանկում։ Զեկույցում Ղարաբաղը բնութագրվել է որպես անազատ. երկիր, որտեղ հիմնական քաղաքական իրավունքները բացակայում են, քաղաքացիական ազատությունները` լայնորեն եւ շարունակաբար ոտնահարվում։
Ընդհանուր առմամբ, ամփոփելով ողջ աշխարհում 2011 թվականին արձանագրված զարգացումները, հեղինակավոր կազմակերպությունը առանձնացնում է առաջին հերթին արաբական հեղափոխությունները՝ փաստելով, որ դրանք բռնապետական վարչակազմերին նետված ամենալուրջ մարտահրավերն էին Խորհրդային Միության փլուզումից ի վեր։
Ըստ զեկույցի` հետխորհրդային տարածքում հետընթաց են արձանագրել երեք պետություն, այդ թվում` Ադրբեջանը։ Առանց այդ էլ անազատ համարվող երկիրը, ըստ միջազգային կազմակերպության, 2011-ին ավելի է զիջել դիրքերը «ընդդիմադիր ակտիվիստներին ձերբակալելու, ցույցերը ցրելու, միջազգային մամուլը չեզոքացնելու եւ հանուն լայնածավալ քաղաքաշինական ծրագրերի քաղաքացիներին սեփական տներից զրկելու պատճառով»։
Ադրբեջանից բացի ԱՊՀ-ի տարածքում 2011-ին հետընթաց են արձանագրել նաեւ Ուկրաինան եւ Ղազախստանը: Լուրջ մտահոգության առիթ են շարունակում մնալ վատերից վատթարների շարքում ընդգրկված Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Բելառուսը։
Ընդհանուր առմամբ, դիտարկված 195 երկրների մեջ, ըստ «Freedom House»-ի ազատ են ընդամենը 87-ը, որտեղ ապրում է աշխարհի բնակչության մոտ 43 տոկոսը, հայտնում է «Ազատություն»-ը:




























