Ղազախստանի կառավարությունը, վարչապետ Քարիմ Մասիմովի գլխավորությամբ, վստահության քվե է ստացել երկրի նորընտիր խորհրդարանում: Նման որոշում է կայացվել նոր գումարման խորհրդարանի հենց առաջին նիստում:

Ղազախստանի օրենսդրության համաձայն, կառավարության վստահության հարցը խորհրդարանի ստորին պալատի լիազորությունների շրջանակում է:

Հիշեցնենք, որ Ղազախստանում խորհրդարանական ընտրությունները կայացել են հունվարի 15-ին, որոնց արդյունքում խորհրդարան են անցել երեք կուսակցություններ` նախագահամետ «Նուր Օթան»-ը, Դեմոկրատական «Աք Ժոլ» կուսակցությունը եւ Կոմկուսը:

Նախագահամետ կուսակցությունն ստացել է 83, «Աք Ժոլը»` 8 եւ կոմկուսը` 7 մանդատ:

Ընդհանուր առմամբ, խորհրդարանն ունի 107 պատգամավորական տեղ, որից 98-ն ընտրվում է համամասնական ընտրակարգով, իսկ 9-ը` Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի կողմից (երկրի նախագահին կից խորհրդակցական մարմին է):