ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ իրենք պարզ հասկացրել են Թուրքիային. Հրանտ Դինքի գործը քննելու համար անհրաժեշտ է անկախ դատական համակարգ: Այդ մասին, հունվարի 19-ի, ճեպազրույցում հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:

«Մենք կանոնավոր կապ ենք հաստատել Թուրքիայի կառավարության այդ եւ այլ հարցերի կապակցությամբ: Ես կցանկանայի նշել, որ եւ Թուրքիայի կառավարությունը, եւ Դինքի ընտանիքը սպասում են, որ գործը ի վերջո քննվելու է Թուրքիայի վերաքննիչ դատարանում»,-ասել է նա:

Նուլանդը շեշտել է, որ Վաշինգթոնը հասկացրել է, որ թե այդ եւ թե մյուս գործերի դիտարկման համար անհրաժեշտ է անկախ դատական համակարգի առկայություն, քանի որ դա վճռական դեր է խաղում բոլոր երկրների առողջ դեմոկրատիայի համար, այդ թվում Թուրքիայի հարցում:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վաշինգթոնը կարծում է, որ Թուրքիայում գործում է հենց նման դատական համակարգ` Նուլանդը նշել է. «Թուրքիան պարտավոր է երաշխավորել, որ իրենց դատական գործընթացները համապատասխանում են այդ չափանիշներին»:

Նշենք, որ հունվարի 17-ին թուրքական դատարանը Յասին Հայալին մեղավոր էր ճանաչել Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մեջ եւ դատապարտել ցմահ բանտարկության: Հանցագործության մասնակիցներից Էրհան Թունջելը դատապարտվել է 10 տարի 6 ամսվա բանտարկության` Mc Donald’s-ում պայթյունի համար: Սակայն դատարանը նրան ազատելու  որոշում է կայացրել: Մյուս 19 ամբաստանյալների վրայից հանվել են ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեղադրանքները եւ արդարացրել: