Հայաստանում անհրաժեշտ է օր առաջ անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Այդ մասին ՀՅԴ–ի եւ «Ժառանգության» կազմակերպած համաժողովին ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ հենց այդ նպատակով էլ երկու կուսակցությունները օրենսդրական նախաձեռնություն է դրել շրջանառության մեջ:
«Մենք վերջին հնարավորությունն ենք ուզում տալ մեծամասնությանը` բացատրելով, թե որքան լուրջ են լինելու համամասնականի չանցնելու հետեւանքները: Մեծամասնության ցանկության դեպքում միանգամայն հնարավոր է փոփոխել ընտրակարգը»,- նշել է Ռուստամյանը` հերքելով այն տեսակետը, թե ժամանակը քիչ է մինչեւ խորհրդարանական ընտրություններ. «Լիովին կարելի է փոփոխել` առանց խոչընդոտելու առաջիկա ընտրությունների անցկացմանը»:
Ըստ Ռուստամյանի, սկզբունքորեն բոլոր քաղաքական ուժերը կողմ են համամասնական ընտրակարգին, եւ միակ հակափաստարկը ժամանակի խնդիրն են ներկայացնում: «Մեկ անգամ ցույց տանք, որ քաղաքական դաշտը համախմբված կարող է լուծել կարեւոր այս հարցը: Ընտրակարգերի շուրջ սկզբունքային հակասություններ չկան: Բոլորն են համաձայն, բայց մեկն ասում է` հետո կանցնենք, մյուսները պահանջում են անհապաղ ընդունել փոփոխությունը»,- նշել է Ռուստամյանը:
Վերջինիս խոսքով, Հայաստանի իշխանությունները պետք է փաստեն` իսկապես ուզում են, որ Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ անցկացվեն, թե միայն նպատակ են դրել վերարտադրվել:
Ռուստամյանը նաեւ նշել է, թե ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը կարող է բացասական եզրակացություն տալ օրենսդրական փաթեթին, սակայն կա «ընդդիմության նիստ» հասկացությունը, եւ իրենք փետրվարի 28-ին կստիպեն, որ Ազգային Ժողովը քննարկի փաթեթը: «Եթե իշխանությունը չընդունի փոփոխությունը, իրեն դուրս կդնի քաղաքական գործընթացներից»,- նկատեց Արմեն Ռուստամյանը:
Նշենք, որ «Էրեբունի-պլազա»-ում կազմակերպված քննարկմանը մասնակցում է Հայաստանի քաղաքական գրեթե ողջ դաշտը: ՀՀԿ-ից ներկա են պատգամավորներ Կորյուն Նահապետյանն ու Հովհաննես Սահակյանը, Հայ ազգային Կոնգրեսից` Լեւոն Զուրաբյանն ու Վլադիմիր Կարապետյանը, ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Բոստանջյանը: Նաեւ ներկայացուցիչներ «Ազատ դեմոկրատներ», ՕԵԿ, ՄԱԿ եւ այլ կուսակցություններից:




























