100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու հարցը Հայաստանի քաղաքական օրակարգում նոր չէ, կա արդեն մոտ երկու տասնամյակ: Այդ մասին ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» կազմակերպած համաժողովին ասել է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:
Անդրադառնալով օրենսդրական փաթեթի դեմ բերվող հակափաստարկներին` Հակոբյանն ասել է. «Նշում են, թե ինչու է այս պահին ներկայացվում, երբ քիչ ժամանակ է մնացել ընտրություններին: Հարցը տրամաբանական է, եւ կարելի էր չներկայացնել, եթե մենք զգայինք, որ իշխանությունները քաղաքական կամք ունեն նորմալ ընտրություններ անցկացնելու»:
Ըստ Հակոբյանի, Հայաստանի իշխանությունները ցույց են տվել, որ շարունակելու են ընթանալ այն ուղիով, որով շարժվել են մինչ օրս:
«Ժառանգության» ներկայացուցչի խոսքով, ընտրությունների ժամանակ հիմնական հանցագործությունները, կեղծիքներն իրականացվում են մեծամասնական ընտրակարգում: «Մեծամասնականով ընտրվողների գերակշիռ մասը ապաքաղաքական տարրեր են, իշխանությանը ապահովում են ձայներով նաեւ համամասնական ընտրակարգի համար: Սրանք պարզ, բազարային հարաբերություններ են»,- նշել է Հակոբյանը` հավելելով, որ Հայաստանից այսօր բացակայում են 600-ից 800 հազար ընտրողներ, եւ այս թվի հաշվին են իրականացվում ընտրակեղծիքները:
«ժառանգության» ներկայացուցիչը նկատել է, որ օրենսդրական փաթեթը ժամանակավրեպ չէ, եւ դա է ապացուցում այն արձագանքը, որ ստացել է նախաձեռնությունը: «Սա ցույց է տալիս, որ այս հարցը քաղաքական օրակարգի թիվ 1 հարցն է: 100 տոկոս համամասնականը նաեւ հակասահմանադրական չէ»,- նշել է Ռուբեն Հակոբյանը:




























