Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան այսօր խախտել է ավանդույթը եւ չի այցելել Բաքվում գտնվող «Շեհիդների ծառուղի»` հարգելու 1990-ի հունվարին Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերը կազմակերպողների եւ իրականացնեղների հիշատակը: Ադրբեջանական լրատվամիջոցները լռում են այն մասին, թե ինչու ակտիվ քարոզչությամբ զբաղվող Հեյդար Ալիեւի ֆոնդի նախագահ Մեհրիբան Ալիեւան չի հարգել այդ «համախմբող իրադարձությունը»:

Ադրբեջանական պետական Aztv հեռուստաալիքը արդեն երեք ժամ շարունակ ուղիղ եթերով միացում է կատարում «Շահիդների ծառուղի»: Կադրերից երեւում է, որ թաց ձյունը վախեցրել է երկրի քաղաքացիների մեծ մասին. հուշակոթողին են այցելում պետական ծառայողները, ուսանողները` անցնելով կառավարության վերահսկողության ներքո:

Նշենք, որ շարունակաբար փոխվող հաղորդավարները արդեն որերորդ անգամ մետաղական ձայնով հրապարակում են նախագահի ադմինիստրացիայի վերաբերմունքը` 1990-ի հունվարյան իրադարձությունների վերաբերյալ: Կրկին առաջնությունը տրված է հակահայկական քարոզչությանը, իսկ մահացածների «ոսկորների» վրա Ադրբեջանի ներկայիս իշխանությունները հերթական անգամ պայքար են մղում իրենց քաղաքական ընդդիմադիրների` Ադբուրահման Վեզիրովի, Այազ Մութալիբովի դեմ, ինչպես նաեւ Ժողովրդական ճակատի դեմ:

Հայտնի է, որ 1990-ի հունվարի  13-ից 19-ը Ադրբեջանի ժողովրդական ճակատը կազմակերպել եւ իրականացրել է Բաքվի հայ բնակչության կոտորածը: Այն ժամանակ Բաքվում ապրող 200 հազար մնացել էին միայն 50 հազարը, ովքեր եւ դարձան գազազած հանցագործների զոհը:

Սպանությունները եւ թալանը շարունակվել են մինչեւ հունվարի 20-ը, երբ խորհրդային զորքերը մտան քաղաք: Պաշտոնական տվյալներով, հայկական կոտորածների արդյունքում սպանվել է մոտ 100 հազար հայ, սակայն զոհերի իրական թիվը շատ ավելին է: