«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կողմ է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Այդ մասին ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» կազմակերպած համաժողովին ասել է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Վերջինիս խոսքով, ԲՀԿ-ն դեռ չի քննարկել ընդդիմության օրենսդրական փաթեթը, սակայն մտադիր է քննարկել այն մինչեւ Ազգային ժողովում քննարկումներ ծավալելը: Սակայն անձամբ իր շփումները կուսակիցների հետ ցույց են տվել, որ «ԲՀԿ-ն կողմ է եւ կպաշտպանի 100 տոկոս համամասնական ընտրակարգը»:
Զոհրաբյանի խոսքով, «կայացած ժողովրդավարական երկրներում նման հարց չէր ծագի, քանի որ այնտեղ դժվար է պատկերացնել կեղծիքների այն ծավալները, որ լինում են մեր տիպի երկրներում»:
«Եթե մենք ուզում ենք ունենալ իրապես քաղաքական խորհրդարան, քաղաքական մարմին, ճիշտը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելն է: Մեծամասնականով ընտրված 41 պատգամավորներից քանիսի՞ն է ճանաչում ընտրողը»,- ասել է Զոհրաբյանն ու հավելել. «Այնպես չէ, որ համամասնական ընտրացուցակներում մտքի գիգանտներ են լինում, բայց դա կուսակցությունների խնդիրն է` ճիշտ կազմելու ցուցակները»:
Զոհրաբյանի ելույթից հետո համաժողովը վարող պատգամավոր Արծվիկ Մինասյանն արձագանքեց. «Հուսով ենք, որ ձեր կուսակցությունը կաջակցի Ազգային Ժողովում` առաջնորդվելով ձեր «Մեր խոսքը գործ է» կարգախոսով»:




























