ԱԺ պատգամավորների որակին նայելու փոխարեն, նայում ենք նրանց սոցիալական ծագմանը: Այս մասին, այսօր` հունվար 20-ին, հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Եվրոստան ույուտ»-ի սեփականատեր Մանվել Բադեյանը, կարծիք հայտնելով, որ միտումնավոր է արվում:
Փոխանակ ժողովրդին քարոզվի գնալ եւ ընտրել լավագույնին, ասվում է որ եթե գործարար է, կոշկակար է պետք է պատգամավոր չլինի»,-ասաց գործարար պատգամավորը:
Ինչ վերաբերում է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկին, նա նկատեց, որ կարելի է անազնիվ լինել ե’ւ մեծամասնական ընտրակարգում, ե’ւ համամասնական:
«Ամեն ինչ պետք է տանել ազնվության դաշտ: Ինչո՞ւ պետք է մի մարդու ճակատագիրը որոշի մեկ ուրիշ մարդ, երբ մեր Սահմանդրությունն ասում է, որ այս մարդն իրավունք ունի ընտրվելու: Կամ ի՞նչ է նշանակում, որ ով վեց մեքենա ունի, լավ մարդ չէ: Կարող է լավ ճանապարհով է վաստակել: Կամ ով ոչինչ չունի, ուրեմն լավ մարդ է: Ինչո՞ւ, կարող է թամբալ է»,- նկատեց Մանվել Բադեյանը:
Հարցին, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելո՞ւ է, Բադեյանը պատասխանեց, որ դա իր անձնական գործն է եւ դեռ մտածում է այդ ուղղությամբ:




























