Հանրապետական պատգամավոր Կորյուն Նահապետյանի համար անհասկանալի է, թե ինչու է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու հարցը դարձել Հայաստանի քաղաքական կյանքի գերխնդիր: Պատգամավորն այդ մասին հայտնել է ՀՅԴ–ի եւ «Ժառանգության» կազմակերպած համաժողովի ժամանակ:

Նահապետյանի խոսքով, Ազգային Ժողովում նախկինում էլ քննարկումներ են եղել համամասնականի անցնելու խնդրով, եւ Վենետիկի հանձնաժողովը ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» առաջարկների վերաբերյալ եզրակացություն էր տվել, թե աշխարհում գոյություն չունի կատարյալ ընտրակարգ: Ըստ Նահապետյանի, Հայաստանի Սահմանադրության մեջ ասվում է, թե կուսակցությունները նպաստում են ժողովրդի կամքի արտահայտմանը, սակայն այդ դրույթը չի նշանակում, որ այդ կամքը պետք է արտահայտվի բացառապես համամասնական ընտրակարգով:

«Օրենսդիրը հստակ որոշել է, որ նպատակահարմար չէ անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Մենք լուրջ քաղաքական բարեփոխումների կարիք ունենք, ներկուսակցական ժողովրդավարության ամրապնդման կարիք ունենք»,- ասել է պատգամավորը եւ հավելել, որ համամասնականի հարցը քաղաքական օրակարգի թիվ 1 խնդիրը չէ:

Հանրապետական պատգամավորը նշել է, թե Ազգային Ժողովում քաղաքական մեծամասնությունն արդեն կայացրել է իր որոշումը: